Ուրբաթ, 24 Մայիս 2013

Արծուիկ Մինասեանի նամակը ուղղուած ՀՀ վարչապետին

ՏպելԷլ.փոստ

Դասաւորում - Հայաստան-Արցախ

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արծուիկ Մինասեան Հայաստանի կառավարութեան եւ վարչապետ Տիգրան Սարգսեանին յղած է Հայաստանի մէջ անձագիրներու տուչութեան եւ այդ գործընթացին մէջ արձանագրուած խախտումներու վերաբերող նամակ մը, որը կը հրատարակենք ստորեւ.-

Յարգելի պարոն վարչապետ,
Վերջին շրջանում, ինչպէս մամուլում հրապարակուած նիւթերը, այնպէս էլ առանձին քաղաքացիների դիմումները ահազանգում են, որ քաղաքացիներին անձնագրեր տալու գործընթացում յաճախ են արձանագրուել ձգձգումներ: Իրավիճակն իրաւասու պաշտօնատար անձանց կողմից պատճառաբանուել է անձնագրեր չունենալով (մասնաւորապէս, քաղաքացիներին իրազեկել են, որ այդ պահին դեռ եւս չկան պատուիրուած անձնագրեր, իսկ ստանալուն պէս դրանք անհապաղ կը յատկացուեն):
Սա ըստ էութեան իրաւասու կառոյցների կողմից Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին անձնագրեր տալու օրէնսդրութեան տարրական պահանջների խախտում է:
Բացի այդ, տարածուած տեղեկատուութեան համաձայն զանգուածային բնոյթ է կրում պաշտօնատար անձանցից ու այլ մասնաւոր քաղաքացիներից ակնյայտ ապօրինի եղանակներով անձնագրեր հաւաքելու, ինչ-ինչ գրանցումներ կատարելու դէպքերը, ինչը ոչ միայն զրկում է քաղաքացիներին իրականացնելու անձնագրերից օգտուելու իրենց  իրաւունքը, այլեւ նպաստում է հանրային վախի եւ կասկածանքի մթնոլորտի ձեւաւորմանը:
Վերը շարադրուածի առնչութեամբ, ղեկավարուելով ՀՀ Սահմանադրութեան 80-րդ յօդուածի, ինչպէս նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 5-րդ յօդուածի 1-ին մասի «ը» կէտով, ՀՀ կառավարութիւնից ակնկալում եմ հետեւեալ հարցերի պատասխաները.
1) վերջին 4 տարիների, այդ թւում 2012թ. առաջիկայ 4 ամիսների ընթացքում որքա՞ն անձնագիր է պատուիրուել, որքան է ստացուել եւ ինչ համամասնութեամբ են դրանք բաշխուել ըստ ամիսների,
2) տրուած անձնագրերից քանի՞սն է տրուել առաջին անգամ եւ քանի՞սն է տրուել փոխանակման կարգով կամ որեւէ այլ հիմքով (կորստեան եւ այլն),
3) կոնկրետ ի՞նչն է եղել վերջին շրջանում անձնագրերի բացակայութեան հիմքով անձնագրերն անհարկի ուշացումով յանձնելու բուն պատճառը, ի՞նչ միջոցներ են ձեռնարկուել իրավիճակը շտկելու ուղղութեամբ,
4) 2012թ. 4 ամիսների ընթացում քանի՞ մարդ է վարչական պատասխանատուութեան ենթարկուել անձնագրերն ապօրինի վերցնելու (վարչական իրաւախախտումների վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան օրէնսգրքի 199-րդ յօդուած), առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակուելու (նոյն օրէնսգրքի 195-րդ յօդուած), առանց անձնագրերի կամ առանց գրանցման բնակութեան թոյլատրելու (նոյն օրէնսգրքի 197-րդ յօդուած) համար,
5) վերջին 4 տարիների ընթացքում քանի՞ մարդ է անձնագիր ստացել երկքաղաքացիութիւն ձեռք բերելու հիմքով եւ ինչ համամասնութեամբ են դրանք բաշխուել ըստ ամիսների,
6) որքա՞ն է կազմում անձնագրերի մնացորդը 2012թ. Ապրիլի 30-ի դրութեամբ:
Ակնակալում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի 7-րդ յօդուածի 1-ին մասի «բ» կէտում նշուած 10-օրեայ ժամկէտում կը քննարկէք սոյն հարցումը եւ սպառիչ պատասխան կուտաք: Քանի որ հարցումը անմիջականօրէն վերաբերում է ընտրական գործընթացի օրինականութեանը, իսկ հարցման պատասխանը չի ենթադրում լրացուցիչ ուսումնասիրութիւններ, քանզի այն սոսկ իրաւասու մարմինների տնօրինութեան տակ գտնուող տեղեկատուութեանն է առնչուում, կարծում ենք, գրաւոր պատասխանը կը ստացուի առաւել սեղմ ժամկէտում, ինչը համահունչ է յիշեալ օրէնքի պահանջին եւ ընտրական իրաւունքի խախտումների կանխարգելման անհրաժեշտութեան վերաբերեալ ձեր հաւաստիացումներին:


Յարգանքով

ԱՐԾՈՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

Share
κατοχυρώσεις ονομάτων.....