Չորեքշաբթի, 22 Փետրուար 2012 10:47
Դասաւորում - Յայտարարութիւններ
ՀՀ սփիւռքի նախարարութիւնը վերսկսում է Սփիւռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելութիւնների 2012 թուականի «Արի տուն» ծրագիրը՝ նորացուած եւ բարելաւուած:
Ծրագրի նպատակն է՝ աշխարհասփիւռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մէջ սերմանել ազգային ինքնութեան գիտակցութիւն, ծանօթացնել իր ժողովրդի աւանդոյթներին ու սովորոյթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտուածքին, աջակցել Հայաստան-Սփիւռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:
Ծրագիրը մեկնարկում է 2012թ. Յունիսի 10-ին եւ շարունակուելու է մինչեւ Սեպտեմբերի 1-ը, որի ընթացքում սփիւռքահայ 13-20 տարեկան երիտասարդները երկշաբաթեայ փուլերով կը հիւրընկալուեն հայաստանաբնակ ընտանիքներում, կը մասնակցեն ճամբարային փուլին:
Հիւրընկալող ընտանիքների ընտրութիւնը կատարւում է Երեւան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան միջոցով. երիտասարդներն ընտանիքներում հիւրընկալւում են անհատոյց: Սփիւռքահայ երիտասարդների` Հայաստան այցելութիւնները կազմակերպւում են Սփիւռքի համայնքային կառոյցների, կրթօջախների, հայկական կազմակերպութիւնների կողմից` տուեալ երկրում ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների աջակցութեամբ: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանաւորների միջոցներով:
«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփիւռքի նախարարութիւնն ապահովում է երիտասարդների դիմաւորումը եւ ճանապարհումը, կազմակերպում է այցելութիւններ թանգարաններ, շրջայցեր Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կը կազմակերպուեն նաեւ ուսուցողական ծրագրեր` հայրենագիտութիւն, հայոց լեզու, երգ, պար եւ այլն: Կը կազմակերպուեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:
Համոզուած ենք, որ «Արի տուն» ծրագիրը մեծապէս կը նպաստի հայապահպանութեանը եւ հայադարձութեանը, երիտասարդների միջեւ հաղորդակցութեան միասնական ցանցի ստեղծմանը:
Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել
ՀՀ սփիւռքի նախարարութիւն
Հասցէ՝ ՀՀ ք.Երեւան 0010, Վ. Սարգսեան 26/1,
Հեռ.՝ (+37410) 58-56-01/112/
Հեռապատճէն՝ (+37410) 58-91-57
էլ.փոստ՝
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար