Ուրբաթ, 18 Մայիս 2012

Սերրէս Ամանորի միջոցառում

ՏպելԷլ.փոստ

Դասաւորում - Յունահայ կեանք

«Հայը դարերով սիրով է պահել
Եօթ թանկ սրբութիւն՝
Հողը, պատիւը, շինարար հոգին,
Հաւատը, լեզուն:
Սուրբ անուններ են եղել դարերով
Հայ ընտանիքը
Եւ ամէնից վեհ, ամէնից լուսէ՝
Մայր Հայրենիքը:»

2012թ.Յունուարի 7-ին,երեկոյեան ժամը 18:00ին այս հիասքանչ բանաստեղծութիւնով սկսուեց Համազգայինի «Պ. Սեւակ» մասնաճիւղի կիրակնօրեայ դպրոցի սաների, այս ամիսների համերգ-հաշուետուութիւնը, որը նուիրուած էր Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20 ամեակին, Նոր Տարւան եւ Սուրբ Ծնունդին: Սրահը լեփ-լեցուն էր համազգայինի անդամներով, բազմաթիւ երիտասարդներով ու երեխաներով:
Բացման խօսքով հանդէս եկաւ դպրոցի ուսուցչուհի Լ. Յակոբեանը, որը մի փոքր պատմական շրջադարձ կատարեց ոչ հեռու անցեալից: Մասնաւորապէս նա նշեց, որ 1918թ. հերոսամարտերից Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսայից հետոյ ծնունդ առաւ Հայաստանի առաջին Հանրապետութիւնը, Հայաստանի համար շատ ծանր պայմաններում: Սովը, բնաջնջման վտանգից մազապուրծ բազմահազար գաղթականները եւ պատերազմները հնարաւորութիւն չէին տուել նորաստեղծ պետութեան ղեկավարներին ստեղծել կայուն պետութիւն: Այն գոյատեւեց մինչեւ 1920թ.ին խորհրդակայնացուեց: Այնուհետեւ սովետների 70 երկար ու ձիգ տարիներ եւ վերջապէս 1990թ. Օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագոյն խորհրդի նիստում հռչակուեց Հայաստանի անկախութիւնը,որով Խորհրդային Հայաստանը վերանուանուեց Հայաստանի Հանրապետութիւն: Իսկ Սեպտեմբերի 21-ին հռչակուեց Հայաստանի անկախ, ինքնիշխան պետութիւն: 2011թ. Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութիւնը նշեց իր անկախութեան 20-ամեակը, իսկ այժմ մեզ բոլորիս է յայտնի, որ հայ ժողովուրդը միայն անկախ ու հզօր պետութեան  պայմաններում կարող է պայքարել իր ապահովութեան, ազգային շահերի ու իրաւունքների պաշտպանութեան համար: Մեզանից իւրաքանչիւրը հասկանում է, թէ որքան թանկ է մեզ համար բազմաթիւ սերունդների երազած անկախ   Հայաստանը իրական աչքերով տեսնելը եւ որքան կարեւոր է այդ հսկայական կառոյցի վրայ իւրաքանչիւրիս ձեռքով դրուած  թէկուզ ամէնափոքր քարի նշանակութիւնը:  Իմ կոչն է մեզ բոլորիս՝ սիրել ու գուրգուրել մեր այս պատանի որդուն, ինչպէս մեր որդիներին  կը սիրենք, իրենց բոլոր առաւելութիւններով ու թերութիւններով հանդերձ: Այս է պատճառը, որ Համազգայինի «Պարոյր Սեւակ» մասնաճիւղի դպրոցի սաներն ու անդամները  չէին կարող անմասն մնալ այս բաղձալի ի- րադարձութիւնների նկատմամբ:
Համերգի սկզբում հանդէս եկան մանկապարտէզի փոքրիկները, այնուհետեւ ներս մտաւ Ձմեռ Պապը բերելով նուէրներով լիքը պարկը: Այնուհետեւ հանդէս եկան դպրոցի ցածր ու բարձր դասարանի սաները: Հանդէս եկաւ երգչախումբը իր ծաւալուն երգացանկով «Գետաշէն», «Ազգ փառապանծ», «Հիմի էլ լռենք....», «Սուրբ գիշեր», «Հայկական բանակ», «Երեւան», «Նոր տարի» երգերով:
Երգերը զուգակցւում էին հայրենասիրական բազմաթիւ ոտանաւորներով, որոնք երեխաները արտասանում էին մեծ ոգեւորութեամբ: Ժողովուրդը բարձր ծափահարութիւններով էր դիմաւորում իւրաքանչիւր երեխայի եւ յատկապէս ամենափոքրիկներին, որոնք իրենց չկորցրեցին եւ փայլուն հանդէս եկան: Փայլեցին իրենց ելոյթներով Մարգարեան Արիսը, Յարութիւնեան Սաթենիկը, Յովհաննիսեան Աննան եւ Մարիան:
Համերգի վերջում Ձմեռ պապը նուէրներ բաժանեց սրահի ներսում գտնւող բոլոր երեխաներին: Վերջում հանդէս եկաւ մասնաճիւղի ատենապետ պ. Վազգէն Յարութիւնեանը, որը շնորհակալութիւն յայտնեց դպրոցի ուսուցիչներին՝ Լիլիկ Յակոբեանին, Արմինէ  Գրիգորեանին, Նունէ Յովհաննիսեանին եւ փոքրիկների հետ աշխատած տ. Ռոմելային եւ տ. Անահիտին, որոնց էլ յանձնուեցին փոքրիկ յուշանուէրներ:
Ինչպէս իւրաքանչիւր հաւաք, այնպէս էլ այս օրը անցաւ երկրորդ մասով՝ մեծ  ճաշ-կերոյթով: Սեղանները լիքն էին հայկական աղցաններով ու խորովածով: Կարծես երկրում տիրող տնտեսական ճգնաժամը հրաշքով  հեռացուած էր մարդկանց առօրեայից: Բոլորն ուրախ էին ու երջանիկ, համբուրում էին միմեանց ու շնորհաւորում: Մենք նոյնպէս շնորհաւորում ենք ձեզ բոլորիդ ու ցանկանում ամենայն լաւն ու բարին:


Լ. Յակոբեան
(Սերրէս)

Բացառիկ

Տեսանիւթեր

Նոր տեսահոլովակներ!

Փոխարժէք

Լրատու

Անուն:
E-mail:

Այցելուներ

Այս պահուս մենք ունինք 62 հիւրեր 

κατοχυρώσεις ονομάτων.....